Դելֆինա Բոելը, ով պնդում է, որ գահից հրաժարված բելգիական Ալբերտ 2-րդ թագավորն իր կենսաբանական հայրն է, քաղաքացիական հայց է ներկայացրել միապետի դեմ՝ նպատակ ունենալով դատարանի միջոցով ստանալ նրա ԴՆԹ-ն եւ հայրություն ապացուցել: Այս մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:

Դատաքննության սկիզբը նախանշված է սեպտեմբերի 3-ին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, որդու օգտին թագավորական գահից հրաժարված Ալբերտ 2-րդը զրկվել է լիարժեք անձեռնմխելիությունից, որն ուներ որպես պետության ղեկավար:

Թագավորական պալատում հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ խոսքն Ալբերտ 2-րդի անձնական կյանքի մասին է:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Դելֆինա Բոելի մայրը՝ բարոնուհի դե Սելի Լոնգշամփսը, երկար ժամանակ աղջկանից թաքցրել է, թե ով է իր հայրը: Միայն 18 տարեկանում է Դելֆինան մորից իմացել, որ միապետի արտամուսնական դուստրն է:

Այն ժամանակ դեռեւս արքայազն Ալբերտի եւ բարոնուհու կապը տեւել է 16 տարի, սակայն թագավոր դառնալուց հետո նա այդպես էլ չի ճանաչել դստերը: