ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քերոլայն Քենեդիին առաջարկել է զբաղեցնել Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի դստեր՝ Քերոլայն Քենեդիի թեկնածությունը հուլիսի 24-ին ներկայացվել է Սենատի քննարկմանը:
55-ամյա Քերոլայն Քենեդին հայտնի է որպես հաջողակ փաստաբան եւ մի քանի գրքերի հեղինակ, որոնք բեսթսելլեր են դարձել: AP-ի փոխանցմամբ՝ Ջոն Ֆ. Քենեդիի դուստրը զգալի դեր է խաղացել Բարաք Օբամայի առաջին եւ երկրորդ քարոզարշավների ժամանակ:
2008 թվականին Քերոլայն Քենեդին հայտարարել էր նախագահի թեկնածու Օբամային աջակցելու մասին, իսկ 2012-ին ընդգրկվել է նրա նախընտրական շտաբի ղեկավար կազմում, հաղորդում է Lenta.ru-ն:
Եթե Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, հավանություն տա Քերոլայն Քենեդիի թեկնածությանը, նա կդառնա հայտնի ընտանիքի երրորդ ներկայացուցիչը, որը կզբաղեցնի ԱՄՆ դեսպանի պաշտոնը:
Այսպես, Քերոլայն Քենեդիի պապը՝ Ջոզեֆ Փ. Քենեդին Ֆրանքլին Ռուզվելտի նախագահության տարիներին զբաղեցրել է Բեռլինում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, իսկ նրա հորաքույր Ջին Քենեդին Իռլանդիայում ԱՄՆ դեսպանն է եղել Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին:





























