Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997թթ.) Ռիչարդ Կոզլարիչը «Ամերիկայի  ձայնի» ադրբեջանական խմբագրությանը տված հարցազրույցում  իր դիտարկումներն է ներկայացրել Ադրբեջանում նախընտրական  իրավիճակի վերաբերյալ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մի կողմից նավթային բումը հանգեցրել է Ադրբեջանում տնտեսական զարգացմանը: Փոխվել է Բաքվի տեսքը: Սա այլեւս այն քաղաքը չէ,  որը ես տեսել եմ 1992 եւ 2000 թվականներին: Տնտեսական զարգացման հետքերը բացահայտ դրսեւորում են իրենց,  եւ այդ ռեսուրսները թույլ են տալիս կառավարությանն ազդել քաղաքական գործընթացների վրա: Մյուս կողմից, քաղաքական գործընթացներում հետընթացը հասել է այնպիսի մակարդակի, որ հոկտեմբերին ազատ եւ արդար ընտրությունների  անցկացում չեմ պատկերացնում»,-ասել է Կոզլարովիչը:

Նախկին դեսպանը նաեւ կարծիք է հայտնել ընդդիմության միավորման եւ Ռուստամ Իբրահիմբեկովի միասնական թեկնածության առաջադրման վերաբերյալ. «Միասնական թեկնածուի առաջադրումը առաջընթացի նշան է: Սակայն հայտնի չէ, կարող է արդյոք Իբրահիմբեկովը վերադառնալ երկիր, եւ կթողեն նրան  մասնակցել ընտրություններին: Ընդդիմության միավորումը լավ է, սակայն որպեսզի դա առաջըթանց համարվի, անհրաժեշտ է, որ նա կարողանա հանդես գալ միասնական թեկնածուով ընտրություններում: Ես դրան հոռետեսորեն են վերաբերում»,-ասել է Կոզլարիչը:

Նրա խոսքով` Ադրբեջանում ավելացել է նաեւ քաղբանտարկյալների թիվը: «Ադրբեջանում քաղաքական գործընթացների վրա ազդելու մենք քիչ գործիքներ ունենք: Դրա հիմնական խոչընդոտը Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն է: Մենք շատ բան ենք արել հարեւան Վրաստանում, սակայն Ադրբեջանում նման հնարավորություններ չեն եղել եւ հիմա էլ չկան: Կարծում եմ, ԱՄՆ-ն պետք է զբաղվի Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով այնպես, ինչպես Եգիպտոսում: Մենք չենք կարող լռել Ադրբեջանում խախտումների մասին»,-ասել է դիվանագետը: