ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն ԱՄՆ-ում մեղադրվում է գաղտնի տեղեկությունների գաղտնազերծման համար, արժանացել է Wistleblower մրցանակի, գրում է Deutsche Welle-ն: Սնոուդենը որպես պարգեւ պատվոգիր եւ հազար եվրո կստանա:
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսին Բեռլինում: Սնոուդենը դժվար թե ներկա գտնվի՝ փաստաթղթեր չունենալու պատճառով:
Մրցանակի կազմակերպիչները ընդգծել են Սնոուդենի ավանդը ԱՄՆ-ի գաղտնի ծրագիրը գաղտնազերծելու գործում: Նրանք նաեւ գերմանական կառավարությանը կոչ են արել Սնոուդենին որպես վկա հարցաքննել եւ Գերմանիայում քաղաքական ապաստան տրամադրել, հայտնում է Lenta.ru-ն:
Մրցանակը սահմանել է Գերմանացի գիտնականների միավորումը, Իրավաբաններն ընդդեմ ատոմային էներգիայի միջազգային միավորումը եւ Transparency International իրավապաշտպանական ընկերության գերմանական մասնաճյուղը:
Նման մրցանակներ տարեկան երկու անգամ շնորհվում են մարդու իրավունքների, ժողովրդավարությանը եւ շրջակա միջավայրին վնասող խախտումներին վերաբերող կարեւոր տեղեկատվության գաղտնազերծման համար, հայտնում է Nachrichten-tv-ն:
Նշենք, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսական գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ հրապարակած ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն այժմ գտնվում է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում եւ չի կարողանում հեռանալ, քանի որ ԱՄՆ-ի իշխանությունները զրոյացրել են նրա անձնագիրը:





























