Մադրիդում Հայաստանի դեսպանատունը պարզում է, արդյոք Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքում վթարի ենթարկված գնացքում եղել են Հայաստանի քաղաքացիներ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին են հաղորդել դեսպանատանը, առայժմ զոհերի ցուցակը չկա: «Դեսպանատունը հետեւում է իրավիճակի վերաբերյալ տեղեկություններին»,-վստահեցրել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում երկաթուղային վթարի զոհ է դարձել առնվազն 77 մարդ, 143 հոգի վիրավորվել է:
Ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի երկաթուղային կայարանից ոչ հեռու: Շրջվել են բոլոր 13 վագոնները, որոնցից ամենավերջինն ամբողջությամբ ոչնչացել է: Գնացքում, ընդհանուր առմամբ, եղել է 218 ուղեւոր, ինչպես նաեւ մեքենավարն ու սպասարկող անձնակազմը:
Որոշ տվյալների համաձայն՝ վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Վթարի պահին այն ընթացել է 220 կմ/ժ արագությամբ՝ թեեւ այդ հատվածում թույլատրելի արագությունը չի գերազանցում 80 կմ/ժ: Այլ տվյալների համաձայն՝ գնացքը շարժվել է 180կմ/ժ արագությամբ, ինչը եւս գերազանցում է սահմանված ցուցանիշը:




























