Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի մի խումբ  զինծառայողներ խախտել են Հնդկաստանի սահմանը եւ ներխուժել հյուսիսային Ութարաքհանդ նահանգ: Այս մասին այսօր հայտնել են կառավարական աղբյուրները:

Չինաստանի բանակի  21 զինվորներ հնդկական սահմանում մնացել են մեկ ժամից ավելի: Չինական զինվորների քայլը ցուցադրական բնույթ է կրել: Նրանք դիրքեր են գրավել այն տարածքում, որը նախքան հնդկական տիրապետության հաստատումը Չինաստանի վերահսկողության տակ էր: Պեկինը մինչ այժմ էլ այն վիճելի տարածք է համարում եւ դրա նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացնում:  Ներխուժումը ոչ պատահականորեն համընկել էր հնդ-չինական երկօրյա բանակցությունների ավարտի հետ, որոնց նպատակն էր ամրապնդել սահմանին կայունությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հուլիսի  16-ին չինացի 50 զինվորներ Լադաքհե վիճելի տարածքում (Ջամու եւ Քաշմիր նահանգ)հատել էին Հնդկաստանի սահմանը, իսկ հինգ օր առաջ Հնդկաստանի օդային տարածքը երկու անգամ խախտել էին չինական ուղղաթիռները:

Վերջերս հաճախադեպ դարձած նման միջադեպերի եւ Չինաստանի հետ սահմանին անվտանգության ամրապնդման անհրաժեշտության կապակցությամբ Հնդկաստանի կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն էր տվել  50 հազար զինծառայող ունեցող երեք լեռնա-որսորդական  միավորումների ստեղծմանը, որոնք կկազմեն ՉԺՀ-ին սահմանակից Արեւմտյան Բենգալ, Բիհար, Ասամ, Ջամու եւ Քաշմիր նահանգների նոր զորախմբի հիմքը: