Ամերիկայի հայկական ասամբլեան քայլեր է ձեռնարկում ամերիկահայ համայնքում լուրջ մտահոգություն առաջացրած խնդրի լուծման ուղղությամբ. խոսքը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ շարունակվող սպառնալիքների մասին է, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Այն ժամանակ, երբ Կոնգրեսը պատրաստվում է  այս շաբաթ հաստատել արտաքին օգնության գերակայությունները, Ասամբլեայի ներկայացուցիչներն այցելել են Կոնգրեսի ավելի քան 125 անդամների եւ  ներկայացրել համապատասխան նյութեր` ընդգծելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի  համար ֆինանսավորման գերակայությունները, ինչպես նաեւ նոր փաստեր ներկայացնելով Ադրբեջանի վերաբերյալ:

Ասամբելան նշում է, որ շատ տեղին էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կոմիտեն (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) վերջերս նիստեր էր անցկացրել «Մտահոգիչ գործընկեր. աճող ավտորիտարիզմը Ադրբեջանում» թեմայով: Ասամբլեայի ներկայացուցիչները նույնպես հանդես էին եկել նիստին` ներկայացնելով ավտորիտարիզմի օրինակներ, ինչպես նաեւ  անդրադառնալով Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացմանը, հայ-թուրքական գործընթացին միջամտությանը,  եւ ընդհանուր առմամբ  6 մլրդ դոլարի ռազմական ծախսերին: