Ինտերպոլը չի կարողանում հաղթահարել միջազգային կազմակերպված հանցավորությունը, որի եկամուտները նարկոթրաֆիքից, ստրկավաճառությունից ու զենքի ապօրինի վաճառքից տարեկան հասնում են 870 մլրդ դոլարի: Տնտեսական ճգնաժամ, որն ուղեկցվում է բյուջեների կրճատմամբ, էլ ավելի մեծացնում կազմակերպված հանցավորության եւ դրա դեմ պայքարողների միջեւ եղած անդունդը: Այս մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի՝ հանցավորության ու թմրանյութերի հարցերով վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը:
«Բանդաները շատ ավելի լավ են ֆինանսավորվում, քան իրավապահ կառույցները»,-հայտարարել է Ֆեդոտովը, փոխանցում է Russia Today-ը:
Սակայն թերի ֆինանսավորումը խնդրի միայն մի կողմն է: Ժամանակակից հանցավորությունը գնալով ավելի խորամանկորեն է գործում: Այն ունի շատ ավելի բարդ ու արագ փոփոխվող կառուցվածք, քան նախկինում գործող մաֆիան:
Այժմ, երբ մոլորակի բնակչության 1/3-ի համար ինտերնետը հասանելի է, մեծ թափ է հավաքում կիբերհանցավորությունը: Միայն անձնական տվյալների յուրացումը տարեկան 1 մլրդ դոլարի եկամուտ է ապահովում:





























