Իսպանիայի թագավորն ու թագուհին ծրագրում են հինգշաբթի՝ օրվա երկորդ կեսին, ժամանել Սանտյագո-դե-Կոմպոստելա, որտեղ խոշոր երկաթուղային վթար է տեղի ունեցել, փոխանցում է RTVE հեռուստաընկերությունը:

Թագավորական շքախումբը ծրագրում է այցելել տուժածներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Ավելի վաղ հիվանդանոցում վիրավորներին էր այցելել երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի երկաթուղային կայարանից ոչ հեռու: Շրջվել են բոլոր 13 վագոնները: Գնացքում, ընդհանուր առմամբ, եղել է 218 ուղեւոր, ինչպես նաեւ մեքենավարն ու սպասարկող անձնակազմը: Վթարի արդյունքում զոհվել է 78 մարդ:

Որոշ տվյալների համաձայն՝ վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Վթարի պահին այն ընթացել է 220 կմ/ժ արագությամբ՝ թեեւ այդ հատվածում թույլատրելի արագությունը չի գերազանցում 80 կմ/ժ: Այլ տվյալների համաձայն՝ գնացքը շարժվել է 180կմ/ժ արագությամբ, ինչը եւս գերազանցում է սահմանված ցուցանիշը:

Ընդգծենք, որ պարբերականը հրապարակել է տեսագրություն, որում երեւում է Գալիսիայում գնացքի վթարի պահը: