Հայաստանը սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման գործում ակնկալում է նաեւ ԱՄՆ աջակցությունը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 25-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» նախագահ Լենա Հալաջյանը:
Հրանուշ Հակոբյանը Ջոն Հեֆերնին ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը: Մասնավորապես նախարարն անդրադարձել է կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաեւ՝ աշխատանքով եւ կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախարարը նշել է, որ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար, սակայն ՀՀ կառավարությունը եւ սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ:
Նա խնդրել է, որ դեսպանը խնդրո առարկան իրազեկ դարձնի ԱՄՆ-ի կառավարությանը այս ծրագրին օժանդակություն ցուցաբերելու, կարեւոր եւ կենսական խնդիրների լուծմանն օժանդակելու համար:
Դեսպանը ողջունել է նախարարի նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ջոն Հեֆերնը նշել է, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը, կարեւոր է: Նա հույս է հայտնել, որ իր երկիրը նույնպես կարձագանքի եւ կաջակցի ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը:





























