ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին էշթոնը եւ Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ուրախ են Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Այս մասին նշված է նրանց համատեղ հայտարարության մեջ:
ԵՄ-ն եւ Հայաստանը, հուլիսի 24-ին, հաջողությամբ ավարտել են Ասոցացման համաձայնագրի եւ ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները:
Հայտարարությունում Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն բանակցությունների ավարտը «դրական առաջընթաց» են համարել, հույս հայտնելով, որ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում, իսկ հետո նաեւ կստորագրվի «հենց որ ավարտվեն տեխնիկական ընթացակարգերը»:
«Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին եւ Հայաստանին սկսելու բարեփոխումների, ընդհանուր արժեքների եւ տնտեսական ինտեգրման վրա հիմնված համապարփակ ծրագիր: Համաձայնագիրը իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի առօրյա կյանքի վրա եւ բոլոր քաղաքացիներին ավելի մոտ կբերի Եվրոպական Միությանը»,-ասված է հայտարարության մեջ:




























