Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը «Մահմեդական եղբայրներին» 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել։ Այդ ընթացքում վերջիններս պետք է միանան քաղաքական փոփոխությունների գործընթացին, ասված է բանակի հաղորդագրութան մեջ:
Զինվորականները նախազգուշացրել են, որ վերջնագրի ժամկետի ավարտից հետո իրենք կփոխեն անկարգություններ հրահրողների դեմ պայքարի միջոցները: Այնուամենայնիվ, նրանք չեն հստակեցրել, թե ինչպիսի քայլեր են մտադիր ձեռնարկել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ զինվորականների` «հունիսի 30-ին կատարված հեղափոխությունը արտացոլում էր ժողովրդի կամքը եւ ռազմական հեղաշրջում չէր, ինչն Արեւմուտքին փորձում էին համոզել որոշ ուժեր»:
Հաղորդվել էր, որ այս տարվա հուլիսին զինվորականները պաշտոնանկ էին արել իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին: Պետության ժամանակավոր նախագահ էր նշանակվել Ադլի Մանսուրը:
Դրանից հետո Եգիպտոսի հասարակությունը պառակտվել էր. մի մասն աջակցում էր պաշտոնանկ արված նախագահին, մյուսները` զինվորականներին: Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ պարբերաբար բախումներ են լինում Կահիրեում եւ երկրի այլ քաղաքներում: Արդեն զոհեր կան:





























