Թունիսում հուլիսի 26-ին բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել գործադուլի պատճառով, հաղորդում է Reuters գործակալությունը: Թունիսի մայրաքաղաքի օդանավակայանի անձնակազմն այդպես է արձագանքել երկրի խոշոր արհմիության համընդհանուր գործադուլ անցկացնելու կոչին: Բողոքի ցույցի պատճառ է դարձել հուլիսի 25-ի ցերեկը Թունիսի ընդդիմության առաջնորդներից Մոհամեդ ալ Բրահմիի սպանությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ալ Բրահմիի սպանությունը ամբողջ երկրում զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել: Մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել` ցուցարարներին ներքին գործերի նախարարության շենքից հետ մղելու համար: Սիդի Բուզիդ քաղաքում, որտեղ 2010թ. դեկտեմբերին տեղի էին ունեցել «արաբական գարնան» պատճառ դարձած իրադարձությունները, ցուցարարները հրդեհել էին «Նահդա» կուսակցության («Վերածննդի կուսակցություն») տեղական երկու մասնաճյուղերը, որը գլխավորում է իշխող կոալիցիան: Սֆաքս քաղաքում ավերվել էր վարչական շենք:
Ալ Բրահմիի սպանության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, իշխանությունները քննություն են վարում: Ալ Բրահմին «Ժողովրդական շարժում» կուսակցության անդամ էր, որը կտրուկ քննադատում է Թունիսի կառավարությանը:





























