Հուլիսի 25-ին մահացել է անցած դարի 80-ականների ամենահայտնի թմրաբարոններից մեկը՝ Մեդելինի կարտելի ղեկավար հանրահայտ Պաբլո Էսկոբարի մերձավոր համախոհ, Խուան Դավիթ Օչոան: Նա ավազակային կամ ոստիկանական գնդակից չի զոհվել, այլ մահացել է սովորական ինֆարկտից, հայտնում են լատինաամերիկյան լրատվամիջոցները:
Օչոա ընտանիքի հարազատները նրան Մեդելինի հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները անզոր են եղել. 67-ամյա հիվանդը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ի տարբերություն Էսկոբարի՝ Օչոան եղբայրների հետ գերադասել էր 90 ականներին սկսված Մեդելինի կարտելի ղեկավարների դեմ որսի ընթացքում հանձնվել իշխանություններին: Արդյունքում ընդամենը 5,5 տարի բանտ էր նստել:
Բանտից դուրս գալուց հետո նախկին թմրաբարոնը սկսել էր զբաղվել սիրած գործով՝ ձիաբուծությամբ:
Մեդելինի կարտելի ղեկավար Էսկոբարը ժամանակին գլխավորում էր ԱՄՆ-ի ամենաորոնվող թմրավաճառների ցուցակը եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից էր՝ մոտ 3 մլրդ կարողությամբ: Նա սպանվել էր 1993թ. 43 տարեկան հասակում, երբ փորձել էին նրան կալանավորել: Դրանից հետո Մեդելինի կարտելը դադարել էր գոյություն ունենալ:





























