Ամերիկացի հայտնի բժիշկ Ռոբերտ Ֆերրանտեն, ով վերջին տարիներին աշխատել է Պիտցբուրգի համալսարանում, հինգշաբթի օրը ձերբակալվել է Արեւմտյան Վիրջինիա նահանգում` սեփական կնոջը թունավորելու մեղադրանքով:
Ինչպես հաղորդել են Պիտցբուրգի իրավապահ մարմինները, 64-ամյա Ֆերրանտեն, ով ԱՄՆ-ում համարվում է Շարկոյի հիվանդությունը բուժող առաջատար մասնագետներից, այս տարվա ապրիլին իր 41-ամյա կնոջ կոկտեյլի մեջ է լցրել ցիանիդի մահացու դոզա: Ընդ որում, նա կնոջը հայտարարել է, որ իր պատրաստած ըմպելիքը կարող է օգնել նրան բեղմնավորման հարցում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Կոկտեյլը խմելուց անմիջապես հետո կինն իրենց վատ է զգացել եւ հիվանդանոց տեղափոխվել: 3 օր անց նա մահացել է հիվանդանոցում: Միայն դիահերձումից հետո բժիշկները նրա արյան մեջ ցիանիդ են հայտնաբերել:
Քննիչները հաստատել են, որ Ֆերրանտեն թույնը վերցրել է համալսարանական լաբորատորիայից: Մեղադրական եզրակացությունում ընդգծվում է, որ հանցագործության պատճառը կարող էր խանդը լինել:





























