ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի-Մունը Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Մուհամեդ Մուրսին եւ նրա կողմնակիցները պետք է ազատ արձակվեն կամ նրանց նկատմամբ կարճ ժամկետներում թափանցիկ հետաքննություն պետք է անցկացվի»,- հայտարարել է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Էդուարդո դել Բուեյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եգիպտոսի բանակը հուլիսի 3-ին պաշտոնանկ էր արել իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին, ուժը կորցրած ճանաչել Սահմանադրությունը եւ Սահմանադրական դատարանի նախագահին հանձնարարել անցումային շրջանում ստանձնել նախագահի լիազորությունները: Ըստ լրատվամիջոցների՝ այս պահին Մուրսին եգիպտական զինված ուժերի կայաններից մեկում է պահվում:





























