Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանում չինական ներդրումների խրախուսման ուղղությամբ: Այս մասին, հուլիսի 25-ին, Պեկինում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ Յան Ձիեչին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Յան Ձիեչին ասել է, որ ջերմությամբ է հիշում 2011 թ. Երեւան կատարած այցելությունը, Հայաստանում տեղի ունեցած հանդիպումները եւ ուրախ է, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։
Յան Ձիեչին եւ Էդվարդ Նալբանդյանը մանրամասն քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նրանք ընդգծել են երկուստեք ցանկությունը նոր խթան հաղորդել միջգերատեսչական եւ ապակենտրոնացված համագործակցությանը։
Հուլիսի 25-ին երեկոյան Չինաստանի ԱԳ նախարարը պաշտոնական ընթրիք է տվել իր հայաստանյան գործընկերոջ պատվին։
Հուլիսի 26-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա են եղել Պեկինում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:
Բացի այդ, Հայաստանի եւ Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջեւ կապեր հաստատելու եւ երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրել են երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։





























