Հոեւնաստանի ոստիկանությունը հուլիսի 26-ին խոշոր հանցավոր խմբավորման շուրջկալ է կազմակերպել, որը Դոմինիկյան Հանրապետությունից եկած ներգաղթյալներին ստիպում էր մարմնավաճառությանբ զբաղվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Խրիստոս Պարտենիսի հայտարարությունը: Գործողության ընթացքում ողջ երկրով մեկ կալանավորվել է 18 մարդ, գրում է Աթենքի «Կաթիմերինի» թերթը:

Իշխանություններին հաջողվել է գերությունից ազատել 14 կանանց եւ 6 տղամարդկանց: Ոստիկանների խոսքով՝ ձերբակալությունները «կարեւոր հաղթանակ էին ժամանակակից ստրկության դեմ պայքարում»: Այս գործով Հունաստանում եւ այլ երկրներում շարունակվում են որոնվել եւս 19 կասկածյալներ, հաղորդում է Lenta.ru-ն:

Կավատներն իրենց ծուղակն են գցել Դոմինիկյան հանրապետությունից ժամանած չքավոր ընտանիքների աղջիկներին (նաեւ տղաներին), տարել Իսպանիա՝ խոստանալով այնտեղ իրենց համար աշխատանք գտնել: Հունաստանն ու Թուրքիան ծառայել են որպես տարանցիկ երկրները: Միաժամանակ հանցագործներն իրենց զոհերից պահանջել են 5-6 հազար եվրոյի չափով գումար վճարել:

Երբ դոմինիկյան ներգաղթյալները հայտնվել են Թուրքիայում, խաբեբաները վերցրել են նրանց անձնագրերը եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ կամ թմրամիջոցների առեւտրով: Միաժամանակ, հանցագործները շանտաժի են ենթարկել իրենց զոհերի հարազատներին, որոնք մնացել են հայրենիքում: Իշխանությունների փոխանցմամբ՝ խմբավորումը գործել է 2011 թվականի կեսերից: