«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի երկրորդ վթարային էներգաբլոկի ստորգետնյա հարկերին կապվող տեխնիկական ջրահեռացման թունելում վտանգավոր ռադիոակտիվ տարրեր պարունակող ջուր է հայտնաբերվել։  Այս մասին այսօր հայտարարել է «Տոկիո էլեկտրիկ փաուեր» էներգետիկական ընկերությունը։

Չափումները ցույց են տվել, որ թունելում կուտակված ջրի ամեն լիտրում ցեզիումի իզոտոպների բաղադրությունը կազմում է 2,35 մլրդ բեկերել։

Սա ոչնչով չի տարբերվում 2011թ. վթարից անմիջապես հետո արձանագրված ցուցանիշից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Փորձագետները չեն բացառում, որ վարակված ջուրը թունելից կարող է ներծծվել հողում, խառնվել գրունտային ջրերին եւ վերջում լցվել օվկիանոս։

«Տոկիո էլեկտրիկ փաուեր» ընկերությունը կառավարության պահանջով նման արտահոսքը կախելու միջոցներ է որոնում։ Խոսքը մասնավորապես օվկիանոսի ափին ապակենման զանգվածից ստորգետնյա պատ ստեղծելու, ինչպես նաեւ թունելից ռադիոակտիվ ջուրն արտամղելու մասին է։