Լոս Անջելեսի ոստիկանությունը Գլենդելի բնակիչ Ջոշուա Ուեսթի սպանության եւս երկու կասկածյալի է ձերբակալել։ Սպանությունն ատելության հողի վրա էր կատարվել (Ջոշուայի սեռական կողմնորոշման պատճառով)։

«Glendale News-Press»-ը գրում է, որ 33-ամյա Ուեսթին ապրիլի 24-ին Սան Վելլիում  ծեծել են, գնդակահարել, վրաերթի ենթարկել եւ թողել, որ մահանա։

28-ամյա Խաչիկ Մասկովյանը կալանավորվել էր սպանությունից երկու օր անց եւ այժմ կալանքի  տակ է՝ առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի։

Վան Նայսի բնակիչը մեղադրվում է հատուկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար, որը ներառում էր առեւանգումը եւ ատելության հողի վրա սպանություն գործելը։

Մասկովյանի ավագ եղբայրը՝ 34-ամյա Հովհաննես Մասկովյանը, այս շաբաթ ձերբակալվել էր Սան Վելլիի իր տանը՝ Լոս Անջելեսի ոստիկանության կողմից;

19-ամյա Նազարեթ Բայամջյանը եւս կալանավորվել է այս շաբաթ Սան Վելլիում՝ Ուեսթի մահվան հետ կապված։ Երկուսն էլ հսկողության տակ են՝ առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի։

Պաշտոնատար անձինք ավելի վաղ պատմել էին, որ Խաչիկ Մասկովյանը Ուեսթին հանդիպել է իր էվակուատորով ընթանալիս։ Նա ծեծել է Ուեսթին, նրան խցկել իր բեռնատար եւ մեկնել։ Հնարավոր կրակոցների մասին ահազանգի հետքերով ժամանած ոստիկանները արյուն եւ այլ ապացույցներ են հայտնաբերել։

Մեկ այլ հաղորդման հետքերով ժամանած ոստիկանները գտել են Ուեսթի՝ ճամփեզրին նետած դիակը։

Շրջանային դատախազությունը չի հստակեցրել, թե արդյոք Ուեսթը ճանաչել է կալանավորվածներից որեւէ մեկին։ Ուեսթի քույրը՝ Հյուսիսային Կարոլինայի բնակչուհի Էրիկա Գեմբլը, հայտարարել է, որ Խաչիկ Մասկովյանը, հնարավոր է, ճանաչում էր Ուեսթի նախկին զուգընկերոջը։