Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ հայտարարությամբ։ «Մեզ լավ հայտնի է, թե ինչ կերպ են ընդունվում այդ որոշումները։ Մենք դրան էական նշանակություն չենք տալիս»,- ընդգծել է նա։
«Ես կուզեի կրկնել իմ այն միտքը, որ հայտնեցի ԱՄՆ Կոնգրեսի կողմից նմանատիպ բանաձեւի ընդունման ժամանակ։ Եթե առանձին հարցնենք յուրաքանչյուր „կողմ“ քվեարկածի կարծիքը, նրանք նույնիսկ երեք բառ չեն կարող ասել։ Այդ մարդկանց գործողությունները բխում են աննշան դրդապատճառներից։ Մենք չպետք է մեծացնենք այն որոշումների նշանակությունը, որոնք մեզ մոտ հարգանքի զգացում չեն առաջացնում»,- ամփոփել է նա։
Անկարան կտրուկ արձագանքել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը։ Մասնավորապես, Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Շվեդիա կատարելիք իր այցը։
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Դեռեւս 2008 թ. շրջանառության մեջ դրված օրինագիծը լոբբինգ էին անում ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ Սոցիալ-դեմոկրատները, Կանաչները եւ Ձախերը։ Օրինագիծն ընդունվել է ձայների 131 կողմ եւ 130 դեմ հարաբերակցությամբ։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւս մեկ շաբաթ առաջ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Այն ժամանակ Անկարան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Վաշիգտոնում իր դեսպան Նամըք Թանին, որը մինչ այժմ չի վերադարձել ԱՄՆ։



























