Կանացի միջազգային Femen շարժումը հայտարարել է իրենց առաջնորդ Աննա Գուցոլի դեմ կատարված հարձակման մասին։ Դեպքը կատարվել է հուլիսի 27-ի ժ. 9:00-ի սահմաններում՝ Կիեւի նրա բնակարանի շքամուտքում։

Սկանդալային խմբավորման  ներկայացուցիչների խոսքով՝ շան հետ զբոսանքից վերադարձող ակտիվիստուհու վրա հարձակվել է Ուկրաինայի անվտանգության ուժերի աշխատակիցը, հայտնում է Lifenews.ru-ն։

«Ամրակազմ տղամարդը հարվածել է նրան, առեւանգել շանը եւ դուրս վազել։ Աննան տեսել է, թե ինչպես է նա իրեն սպասող մեքենայով արագ հեռանում», - ասված է Femen-ի հաղորդագրությունում։

Ըստ կազմակերպության անդամների` հարձակումը նախազգուշացում է Femen-ին ` Կիեւում  ոչ մի բողոքի ցույց չանցկացնելու վերաբերյալ, որտեղ այս հանգստյան օրերին տեղի են ունենում  ռուսների քրիստոնեության ընդունման 1025-ամյակի տոնակատարություններ: 

Ուկրաինայի մայրաքաղաք են արդեն ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, Պատրիարք Կիրիլը եւ ներկայումս գոյություն ունեցող բոլոր ուղղափառ եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականները:  Չնայած հարձակմանը` Գուցոլը հայտնել է, որ ֆեմինիստուհիներն ամեն դեպքում կփորձեն  որեւէ ակցիա կազմակերպել: