Նիգերիայի հյուսիսում գտնվող  Չադ լճի ափի Բագա ավանում «Բոքո հարամ» կազմակերպության գրոհայինները 20 խաղաղ բնակչի են սպանել: Այս մասին հայտնում են Նիգերիայի լրատվամիջոցները:

Ըստ զինվորական շրջանակների աղբյուրների տվյալների` Նիգերիայի հյուսիս-արեւելքում ոստիկանների եւ բանակի համատեղ գործողությունն ահաբեկիչներին զրկել է իրենց հիմնական կայաններից եւ ստիպել նահանջել դժվարամատույց լեռնային վայրեր` Կամերունի սահմանին մոտ:  Այնտեղ նրանք խմբավորվում են եւ նոր հարձակումներ նախապատրաստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը մայիսի 14-ին Բորնո, Յոբե եւ Ադամավա հյուսիսային նահանգներում արտակարգ դրություն էր հայտարարել:  Այնտեղ զորքեր էին ուղարկվել, որոնք Չադ լճի մերձակա տարածքներն ահաբեկիչներից ազատագրելուն ուղղված գործողություններ էին ձեռնարկել:  Ձգտելով վախեցնել եւ վերահսկել բնակչությանը`  «Բոքո հարամի» գրոհայինները հաճախ են հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա: Վերջին ամսվա ընթացքում ահաբեկիչները հարձակվել են 4 դպրոցի վրա` սպանելով տասնյակ աշակերտների: