Կիրակի երեկոյան Իտալիայի հարավի А16 մայրուղում տեղի ունեցած ավտոբուսային պատահարի զոհերի թիվը հասել է 38 մարդու, հայտնում են տեղի լրատվամիջոցները: 

Ըստ փրկարարների տեղեկության` վնասվածքներ ստացած տասը ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց, տուժածների մեծ մասը ծանր վիճակում են:

Ավտոբուսից դուրս են բերվել 36 զոհերի մարմիններ, եւս երկու մարդ մահացել է հիվանդանոցում:

Ըստ ճանապարհային ոստիկանության` միջադեպը տեղի է ունեցել Նեապոլ-Կանոզա մայրուղու А16 հատվածում` Մոնտեֆորտե Իրպինո բնակավայրի մոտ:  Ըստ ականատեսների վկայությունների` ամենայն հավանականությամբ, ավտոբուսը խնդիրներ է ունեցել արգելակների հետ:  Մայրուղում ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների, որից հետո նետվել է ճանապարհից եւ 25-30 մ բարձրությունից գլորվել անդունդը: Վարորդը մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցիչներին, հայտնում են, որ զբոսաշրջային ավտոբուսում 48 մարդ է եղել, այդ թվում` բազմաթիվ երեխաներ: Նրանք Նեապոլ էին վերադառնում` հարեւան Ապուլիա նահանգ կատարած ուխտագնացությունից:  Ոստիկանությունը հարցաքննել է պատահարի բոլոր ականատեսներին եւ շարունակում է դեպքի պատճառների հետաքննությունը: