Միչոական նահանգում, որտեղ կառավարական զորքերը թմրավաճառների դեմ հատուկ գործողություն են իրականացնում, սպանվել է Մեքսիկայի ռազմածովային ուժերի փոխծովակալը, հայտնում է Reuters-ը:

Պուերտո Վալյարտեի ռազմածովային կայանի հրամատար, փոխծովակալ Կարլոս Սալասարի ավտոշարասյան վրա հարձակումը կատարվել է հուլիսի 28-ին: Սալասարի եւ այլ սպաների մեքենայի վրա կրակել են այն պահին, երբ նա Միչոական-Գվադալահարա մայրուղուց մուտք է գործել երկրորդական նշանակության  ճանապարհ, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ Մեքսիկայի լրատվամիջոցների` Միչոական-Գվադալահարա մայրուղուց շարասյունը ստիպված էր թեքվել, քանի որ մայրուղին փակել էին մի խումբ ցուցարարներ, որոնք իշխանություններին մեղադրում էին  Միչոականում կարգուկանոն հաստատելու եւ թմրավաճառների դեմ պայքարելու անկարողության մեջ:

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պեյնա Նիետոն հուլիսի 25-ին հրապարակավ հայտարարել էր, որ Միչոական նահանգի կեսը գտնվում է թմրավաճառ խմբավորումների վերահսկողության տակ եւ խոստացել էր դրան վերջ դնել:  Միչոականում սկսված թմրավաճառների դեմ գործողությունների շրջանակում վերջին օրերին այդ նահանգ էին  տեղափոխվել հարյուրավոր զինծառայողներ: