Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 29-ի, 130-ն էլ վիրավոր են, հայտնում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ութ մեքենաների պայթյունի հետեւանքով զոհվել է 20 մարդ:
Ըստ տեղի ուժային կառույցների ներկայացուցիչների տեղեկության` քաղաքի յոթ տարբեր թաղամասերում պայթեցվել են ինն ականապատ մեքենաներ: Հինգ պայթյուններն իրականացվել էին մահմեդական շիաների բնակավայրերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկուշաբթի առավոտյան գրոհայինները մեքենաներ էին պայթեցրել Էլ Մահմուդիա եւ Էլ Կուտ քաղաքներում, որտեղ ահաբեկչությունների զոհ էր դարձել հինգ մարդ եւ վիրավորվել 35-ը:
Կատարվածի մանրամասները, ինչպես նաեւ զոհերի եւ տուժածների թվի վերաբերյալ տվյալները ճշտվում են:
Վերջին ժամանակներս Իրաքում լարվածության աճը կապված է հակամարտող երկու խոշոր իսլամական համայնքների` սունիների եւ շիաների հետ: Սադամ Հուսեյնի կառավարման օրոք սունիները գլխավոր դիրք էին զբաղեցնում Իրաքի պետական կառույցներում, սակայն ԱՄՆ-ի զինված միջամտությունից եւ Հուսեյնի տապալումից հետո, սունիներին ճնշում են շիաները: Նրանք զբաղեցնում են մի շարք կարեւոր պետական պաշտոններ, որոնցից ամենաազդեցիկը վարչապետի պաշտոնն է:





























