Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հռոմի հարեւանությամբ գտնվող Արդեատինի քարանձավներում զանգվածային  մահապատժի զոհերի  հարազատները ներողություն են պահանջում  մահապատժի պատասխանատու, SS-ի նախկին կապիտան Էրիխ Պրիբկեից:

1944թ. մարտի 24-ին սպանել էին 335 իտալացու` ի պատասխան Ռազել փողոցում Դիմադրության անդամների իրականացրած հարձակման, որի հետեւանքով սպանվել էր 33 ոստիկան: 

Գործողության կազմակերպիչ Էրիխ Պրիբկեն պատերազմից հետո Արգենտինա էր մեկնել, որտեղ աշխատել էր որպես ուսուցիչ: 1990-ականներին նա արտահանձնվել էր Իտալիային եւ ցմահ բանտարկության դատապարտվել ռազմական հանցագործությունների համար. հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Սակայն ավելի ուշ դատարանը Պրիբկեին տեղափոխել էր տնային կալանքի իր փաստաբանի տանը` «հաշվի առնելով բանտարկյալի առողջական վիճակը»:

Հուլիսի 29-ին Պրիբկեն նշում է իր 100-ամյակը: Ավելի վաղ նա հրաժարվել էր ներողություն խնդրել զանգվածային մահապատժի իրագործմանը  մասնակցելու համար՝ հայտարարելով, որ  միայն հրաման էր կատարել: