Արքայազն Ջորջի ծնունդը նշանավորել է Շոտլանդիայի անկախացման հարցում Միացյալ թագավորության պառակտմամբ, հայտնում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լեյբորիստական կուսակցության նախկին պատգամավոր եւ հանուն Շոտլանդիայի անկախության շարժման ակտիվիստ  Դենիս Կանավանը կիրակի հակամիապետական հայտարարություն է կատարել՝ նշելով, որ  արքայազն Ուիլյամի եւ Քեյթի առաջնեկ արքայազն Ջորջը երբեք չպետք է դառնա անկախ Շոտլանդիայի թագավոր, հաղորդում է Mignews.ru-ն:

Մինչ այդ 2011թ.  ընտրություններին խորհրդարանում ձայների մեծամասնություն ստացած  Շոտլանդիայի ազգային կուսակցությունը հայտնել էր, որ անկախ Շոտլանդիան պետք է մնա Եղիսաբեթ թագուհու հպատակ եւ պահպանի ֆունտ ստեռլինգը` որպես ազգային արժույթ:

Հիշեցնենք, որ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը համաձայնագիր էր ստորագրել՝ 2014թ. սեպտեմբերի 18-ին Էդինբուրգում Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: