ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ 2014 թվականին Աֆղանստանի տարածքից միջազգային ուժերի հեռանալը կարող է սպառնալիքի տակ դնել շատ աֆղան կանանց կյանքը:
Հանձնաժողովում հայտարարել են, որ շատ աֆղան կանայք մինչ օրս բախվում են բարձր մակարդակի կենցաղային բռնության, բռնի ամուսնությունների, բռնաբարությունների եւ նույնիսկ քարկոծելով մահապատժի:
Ըստ զեկույցի, որոշ կանանց ստիպում են որպես պատիժ ինքնահրկիզվել, քանի որ չեն ցանկանում բռնի ամուսնանալ: Զեկույցը նաեւ քննադատում է զոհերի հարազատներին, որոնք արգելում են կանանց բռնության փաստերով բողոքել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Ամելինը հայտարարել է, որ եթե այսքան ջանքերից ու միջոցներից հետո միջազգային հանրությանը չհաջողվի ապահովել երկրում կանանց իրավունքների պաշտպանություն, դա կդիտվի որպես ձախողում:
2014-ի վերջին միջազգային ուժերը դուրս կբերվեն Աֆղանստանից, որոնց կփոխարինի զինվորականների փոքր խումբը՝ որը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի:





























