Allianz Seguros ընկերությունը, որտեղ ձեւակերպվել է Renfe ընկերության ուղեւորների՝ դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրությունը, հայտարարել է, որ Իսպանիայի Սանտյագո դե-Կոմպոստելայի մոտ տեղի ունեցած գնացքի վթարի 79 զոհերի հարազատներին 60 հազարական եվրո գումար կվճարի, իսկ տուժածները կստանան 1,5-70 հազար եվրո՝ կախված վնասվածքների աստիճանից, հաղորդում է EFE գործակալությունը:
Միանվագ վճարներից բացի, Allianz Seguros ապահովագրական ընկերությունը կվճարի բոլոր տուժածների բժշկական ծախսերը 180 օրվա ընթացքում՝ սկսած վթարի օրվանից: Դրա մեջ կմտնեն նաեւ տրանսպորտային ծախսերը, տուժածների հարազատների (առավելագույնը՝ երկու) տեղավորումն ու պահելը, որոնք կխնամեն հիվանդներին:
Ապահովագրությունը կվճարի նաեւ զոհվածներին հայրենիք հասցնելու ծախսերը, իսկ թաղման համար կհատկացնի 3 հազարական եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքում: Գնացքի բոլոր վագոնները շրջվել են: Դրանցից մեկը լիովին ոչնչացվել է: Ընդհանուր առմամբ, գնացքում եղել է 218 ուղեւոր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Որոշ տվյալների համաձայն՝ վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Վթարի պահին այն ընթացել է 220 կմ/ժ արագությամբ՝ չնայած որ այդ հատվածում թույլատրելի արագությունը չի գերազանցում 80 կմ/ժ: Այլ տվյալների համաձայն՝ գնացքը շարժվել է 180կմ/ժ արագությամբ, ինչը եւս գերազանցում է սահմանված ցուցանիշը: Իշխանությունները մեքենավարի նկատմամբ հետաքննություն են սկսել:





























