Իտալիայում հուլիսի 30-ը համազգային սգո օր են հայտարարել` ավտոբուսի զոհված ուղեւորների հիշատակին: Այդ մասին հայտնում է Sky TG24 հեռուստաալիքը: Այսօր՝  հուլիսի 30-ին, տեղի է ունենալու զոհվածների հուղարկավորությունը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարին եւ Նեապոլը կապող մայրուղում զբոսաշրջային ավտոբուսը վթարի էր ենթարկվել:  Վթարի հետեւանքով 36 ուղեւոր, այդ թվում՝` վարորդը, տեղում մահացել էին, երկու մարդ էլ  մահացել էին հիվանդանոցում: Ավտոբուսում եղել էր 48 մարդ, որոնց մեծամասնությունը մենաստանից Նեապոլ վերադարձող  ուխտավորներ էին: 

Ըստ Corriere Della Sera-ի` ողջ մնացածների վիճակը գնահատվում է ծանր: Բժիշկները չեն բացառում, որ վթարի զոհերի թիվն առաջիկայում կավելանա:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 28-ի երեկոյան` Նեապոլ-Բարի ավտոմայրուղում: Ավտոբուսը  բախվել էր մի քանի մեքենաների, այնուհետեւ 30 մ բարձրությունից ընկել անդունդը եւ կիսվել երկու մասի: