Շվեյցարիայի արեւմուտքում երկուշաբթի օրը երկու գնացքների բախումից 44 մարդ է տուժել, հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Երկուշաբթի երեկոյան Շվեյցարիայի Վո կանտոնի Գրանժ պրե Մարնան քաղաքում` Բեռնից 50 կմ հարավ-արեւմուտք, բախվել են երկու գնացքներ: Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցիչ Պիեր Օլիվիե Գոդարի (Pierre-Olivier Gaudard)` չորս տուժածներ ծանր վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկին փրկարարները դեռ չեն կարողացել դուրս բերել փլատակների տակից:

Հնարավոր զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բախման պատճառով դադարեցվել էր երկաթուղային հաղորդակցումը Պայերն եւ Պալեզյե բնակավայրերի միջեւ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները եւ ոստիկանությունը, ներգրավվել է մեկ ուղղաթիռ: