Կահիրեում փողոցային առեւտուր իրականացնողների բախման հետեւանքով զոհվել է 15 մարդ: Այս մասին հուլիսի 29-ին հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալությանը ոստիկանությունից հայտնել են, որ բախումներն սկսվել էին վաճառատեղերի բաշխման հետ կապված հին վեճից: Ինքնաձիգերով զինված փողոցային առեւտրականները հարձակվել են քաղաքի կենտրոնի օծանելիքի խանութի վրա, որից հետո հրդեհել են այն, հաղորդում է Lenta.ru-ն:
Խանութի հրդեհը մարելուց հետո փրկարարները ներսում 13 մարդու մարմին են հայտնաբերել: Եվս երկու մարդ զոհվել է հրազենային վերքերից: Ոստիկաններն արդեն ձերբակալել են սպանություններին հանցակից մի քանի մարդու:
AFP-ն նշում է, որ ոստիկանությունը դեռ հիմք չունի ենթադրելու, թե կատարվածը որեւէ կերպ կապված է հուլիսի սկզբներին պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ շարունակվող փողոցային բախումների հետ:
Մի քանի շաբաթվա ընթացքում բախումների զոհ է դարձել 200 մարդ:





























