Ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողները, հուլիսի 29-ին, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Լոռի-Բերդ գյուղի «Ջրամբար» կոչվող տարածքին հարակից դաշտից բերման են ենթարկել 55-ամյա Արտյուշա Ղ.-ին եւ 44-ամյա Հայկ Ջ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել է գազօջախ, 1 տուփ կերակրի սոդա, ափսե`  30 գ  դեղնավուն հեղուկ զանգվածով,   պլաստմասե բաժակ`  մուգ կարմրավուն հեղուկ զանգվածով, ափսե` դեղնասպիտակավուն  փոշենման զանգվածով,   պլաստմասե տարա` կիսով չափ լցված բենզինով, «Սոլպադեին» տեսակի դեղամիջոցի 6 դատարկ տուփ,  օգտագործված  եւ  չօգտագործված ներարկիչներ:

Արտյուշա Ղ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է  «Սոլպադեին» տեսակի դեղամիջոցից եւ այլ բաղադրամասերից, Հայկ Ջ.-ի հետ ներարկվելու միջոցով օգտագործման համար:

Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: