Կանանց իրավունքների կենտրոնը այսօր` հուլիսի 30-ին Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում բացօթյա ակցիա էր կազմակերպել, որի նպատակն էր տղամարդկանց ներգրավել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին (ֆոտոռեպորտաժ): Բոլոր այն տղամարդիկ, ովքեր պատրաստ էին համագործակցել Կանանց իրավունքների կենտրոնի հետ եւ պայքարել հիմնախնդրի դեմ, առաջարկում էին անդամակցել իրենց իսկ կողմից ստեղծված «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանը» ցանցին: Նրանց տրվում էր անդամաթերթիկներ, որոնք գրեթե բոլորը պատրաստակամ լրացնում էին՝ դառնալով ցանցի անդամ:

Ակցիան ուղեկցվում  էր պրոֆեսիոնալ DJ-ի մատուցած բարձրակարգ երաժշտությամբ: Իսկ հարցված տղամարդկանց մեծամասնությունը նշում էր, որ կանանց դեմ բռնություն գործադրում են միայն թույլ տղամարդիկ: Ակցիայի մասնակիցները  Հյուսիսային պողոտայում մանեկեններ էին կանգնեցրել, որոնց վրա գրավոր տարբերակով փակցրել էին մի կնոջ պատմություն: Օրինակ , մանեկենի հերոս Գայանե Աբգարյանը պատմում էր, որ մինչեւ ամուսնանալն ապագա ամուսինը իր նկատմամբ ջերմ ու սիրալիր վերաբերմունք է ցուցաբերել: Ամուսնանալուց մի քանի օր անց լրիվ փոխվել է: «Կարծես ես մի առարկա լինեի, որ կարող էր առանց խղճի խայթի ջարդ ու փշուր անել: Ես այլեւս չեմ կարողանում աշխատանքի գնալ, քանի որ ոչ մի գրիմ դեմքիս կապտուկները  չի ծածկում: Այժմ հղի եմ, նույնիսկ այդ վիճակում ամուսինս գցեց հատակին ես սկսեց հարվածել փորիս:Նաեւ թույլ չի տալիս, որ բժշկի գնամ: Արդեն հասկացել եմ, որ նա չի փոխվի եւ չգիտեմ ինչ անել»,- պատմում էր մանեկենի հերոսը:

Մյուս մանեկենների պատմությունները եւս ոչ պակաս սարսափազդու էին:

Ակցիան կրում է «Դարձի՛ր հերոս, պայքարի՛ր կանանց նկատմամբ բռնության դեմ» խորագիրը: Անցորդները անտարբեր չէին անցնում ծանոթանում էին պատմություններին: Զույգերը եւս միանում էին «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանը» ցանցին: