NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել կիրակի`հուլիսի 28-ին Վանաձորում մարզպետարանի աշխատակցուհու ինքնասպանության վերաբերյալ: 35-ամյա Աննա Աղաբաբյանն աշխատում էր մարզպետարանում շուրջ 10 տարի:

Մարզպետարանի լրատվության վարչության պետ Սամվել Խալաթյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրենք զարմացած են կատարվածից, քանի որ վերջինս եղել է շատ բարեխիղճ եւ պարտաճանաչ աշխատակցուհի: Թե ինչը կարող էր նրան այդ քայլին դիմել, մարզպետարանում որեւէ մեկը չգիտի, նրանք  բացառում են նման քայլի դիմելու կապը աշխատանքի հետ:

Գործով քննիչ Բարսեղ Մուրադյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նշանակվել են դիակի դատաբժշկական եւ մի շարք այլ փորձաքննություններ: Նախնական վարկածներ քննչական մարմնում եւս չեն հրապարակում`ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ 35-ամյա կինը գրություն է թողել, որտեղ հայտնել է, որ օրերից մի օր ինքը գնալու էր այդ քայլին: Աննա Ա.-ն ամուսնալուծված էր, ուներ երկու անչափահաս երեխա, որոնք դեպքի օրը գտնվել են Աննայի մոր մոտ:

Դեպքի մասին շտապօգնություն են ահազանգել հարեւանները, ովքեր նախ զանգահարել են Աննային, ով չի պատասխանել հեռախոսազանգերին, ապա հարեւաններից մեկը պատուհանից մտել է բնակարան եւ լոգարանում կախված վիճակում հայտնաբերել նրան: