Երեւանի գրադարանները համալրվում են նորատիպ գրքերով. այս օրերին 193 անուն 8700 կտոր գիրք է քաղաքապետարանը բաշխում Երեւանի գրադարաններին, երաժշտական եւ արվեստի դպրոցներին։ Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարին ամփոփելիս քաղաքապետը խոստացավ շարունակական դարձնել տարվա շրջանակում կազմված ծրագրերից շատերը։ Այսօր քաղաքապետարանը շարունակում է իր ուշադրության տակ պահել գրադարանները, գրադարանային խնդիրները, այդ թվում նաեւ՝ գրաֆոնդի համալրումը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս օրերին իսկապես անհրաժեշտ գրականություն է բաշխվում մեր գրադարաններին։ Նոր գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակված գրականություն են, եւ, վստահ եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն ընթերցողների շրջանում»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաեւ ժամանակակից հեղինակների նորատիպներ, գեղանկարիչների ալբոմներ, պատմագիտական գրականություն, հեքիաթներ եւ այլն։
Գրադարանները նոր գրքերը ստանում են Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի պայմանավորվածության հիման վրա։





























