Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, օրերս մեկնարկել է «Տերյանական պոեզիայի օրեր» միջոցառումը, որն անցկացվում է բանաստեղծի ծննդավայրում 46 տարի շարունակ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Վահան Տերյանի:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի մշակույթի նախարար Մանանա Բերիկաշվիլին, Հայաստան- Վրաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ,ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, հայ եւ վրացի մտավորականներ,տերյանական պոեզիայի երկրպագուներ:

Միջոցառումը վարել է Վրաստանի հայ գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել եւ շնորհավորել է ներկաներին՝ արժեւորելով Վահան Տերյանի պոեզիայի բացառիկ դերը հայ գրականության մեջ: Նա կարեւորեց «Տերյանական պոեզիայի օրերի» անցկացումը Գանձայում, որտեղ եւս մեկ անգամ հնարավորություն է տրվում՝ անդրադառնալու հայ մեծանուն քնարերգուի ստեղծագործությանը, վայելելու տերյանական պոեզիան, երիտասարդությանը վարակելու տերյանական շնչով:

Նա կարեւորել է Վրաստանի խորհրդարանի եւ հայ-վրացական բազմամյա բարեկամության դերը ջավախահայության ՝ հայկական մշակույթին, ազգային արմատներին հարազատ մնալու գործում: