Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին NEWS.am-ին հայտնել է, որ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 30-ին, Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Նաիրի» բժշկական կենտրոնում հայտնել էին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Մեր տեղեկություններով, նա այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:

Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ-ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 1-ին։ 1988թ. ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների եւ Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։ Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված եւ սիրված հայկական ֆիլմերում` «Մեր բակը» (1996) եւ «Մեր բակը–2» (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ եւ «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։