Ադրբեջանում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր՝ օգոստոսի 1-ի առավոտյան, Քյուրդամիրի շրջանի մի քանի հարյուր ձեռնարկատերեր փորձել են բողոքի ակցիա կազմակերպել: «Ոստիկանները նրանց հետ կանխարգելիչ զրույցներ են ունեցել, որից հետո նրանք ցրվել են»,-հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Էհսան Զահիդովը:
Նրա խոսքով՝ ոստիկանների ու առեւտրականների միջեւ բախումների մասին տեղեկությունները անհիմն են: «Ես, որպես ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, կտրականապես հայտարարում եմ, որ որեւէ լուրջ միջադեպ Քյուրդամիրում չի եղել»,-ասել է Զահիդովը:
Սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քյուրդամիրում ոստիկանների եւ առեւտրականների միջեւ բախում է տեղի ունեցել: «Ենի Մուսավաթ» թերթի տվյալներով՝ ակցիայի շուրջ 300 մասնակիցները փակել են երկաթուղային մայրուղին: Բախման արդյունքում ցուցարարների մի մասը վնասվածքներ է ստացել:





























