Ինչպես հայ բնակչության մեծ մասը, այնպես էլ Հայաստանի եզդիների միության ներկայացուցիչները լքում են երկիրը գործազրկության պատճառով։ Այս մասին օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է աշխարհի եզդիների ազգային միության եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։

Նրա խոսքով՝ եզդիների արտագաղթը հայերի արտագաղթից չի տարբերվում։ «Մարդիկ աշխատանք չեն գտնում եւ ստիպված մեկնում են այլ երկրներ։ Երեւի կգա ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարությունը կմտածի այդ խնդրի մասին եւ արտագաղթն ինչ-որ կերպ կկանխվի»,-ընդգծել է Թամոյանը։ Նա հավելել է, որ եթե արտագաղթը շարունակվի, ապա երկրում ոչ ոք չի մնա։ «Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում արտագաղթի կանխման հարցը կլուծվի»,-հույս է հայտնել Թամոյանը։