Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում, այսօր՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացել է համակարգչային լսարան։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով։

Սա արդեն 3-րդ համակարգչային կենտրոնն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացում է զորամասերում։ Լսարաններ են բացվել ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում։ Առաջիկա 1-2 ամիսներին նման լսարաններ են նախատեսվում նաեւ Տավուշի եւ Արարատի մարզերում տեղակայված զորամասերում։ 

Առաջիկայում համակարգիչները կհամալրվեն նաեւ տարբեր ծրագրերով։ «Տարեցտարի ավելանում է ուսանող զորակոչիկների թիվը, եւ մեր խնդիրն է ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին ապահովել զինվորների կրթության շարունակականությունը։ Նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս ծրագիրը շարունակական է, եւ մենք նման աջակցություն ենք ցուցաբերելու բոլոր այն զորամասերին, որտեղ դրա կարիքը կլինի»,- ասել է ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանը։

Դավիթ Վարդանյանը բանակ է զորակոչվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսից, մասնագիտությամբ ծրագրավորող է։ 20 ամիս ծառայում է ՀՀ զինված ուժերում եւ այս ամիսների ընթացքում առաջին անգամ է նստում համակարգչի առջեւ։ Դավիթը կփորձի մինչեւ զորացրվելը թարմացնել համակարգչային իր գիտելիքները։ Երբ մի քանի ամիս առաջ իր ընկերների հետ հանձնարարություն ստացավ վերանորոգել լսարանը, չգիտեին, թե ինչ անակնկալ է սպասվում իրենց։ Զինծառայողներն իրենք են տեղադրել, միացրել, որոշ ծրագրերով հագեցրել համակարգիչները եւ ուրախ են, որ զինվորական ուսուցումն այսուհետեւ կուղեկցվի նորագույն տեխնոլոգիաներով։ 

Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կսահմանվի համապատասխան գրաֆիկ, եւ զորամասի բոլոր զինվորներն էլ կկարողանան օգտվել տեխնոլոգիական այս հնարավորությունից։