2013 թ. հուլիսի 1-ից շրջանառության մեջ մտած նոր սերնդի ՀԴՄ կտրոնները նույնպես կարող են մասնակցել վիճակախաղերին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նշենք, որ նոր սերնդի ՀԴՄ-եր առայժմ կիրառում են միայն խոշոր խանութները, որոնք ունեն տարեկան 500 մլն դրամից ավելի շրջանառություն: Վ. Միրումյանի խոսքով՝ նոր սերնդի ՀԴՄ-երը թույլ են տալիս շահումի մասին իմանալ անմիջապես կտրոն ստանալու պահին:

Ներկայում ամսական խաղարկվում է 15 ավտոմեքենա: ՊԵԿ-ի առաջարկով ՀՀ կառավարությունը որոշեց, որ օգոստոսից խաղարկվող 15 մեքենաներից 10-ը բաժին կհասնի հին սերնդի ՀԴՄ կտրոններին, 5-ը՝ նոր սերնդի:

Սահմանվում է նաեւ, որ օգոստոսից շահելու են միայն ձախից աջ համընկնող թվերը՝ 8 կամ 7 թվի համընկման դեպքում ավտոմեքենա, 5 կամ 6 թվի համընկման դեպքում՝ այլ գույք: 

Վ. Միրումյանը տեղեկացրեց, որ տարեկան շահումների ֆոնդը կազմում է 180 ավտոմեքենա եւ 6150 հատ այլ գույք (բջջային հեռախոս եւ այլն):