Հայաստանի եզդիական համայնքը դեմ է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աշխարհի եզդիների ազգային միության եւ Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը: 

«Այդ հարցում մենք հայ ժողովրդի կողքին ենք, քանի որ շատերն օրվա ընթացքում մի քանի տրանսպորտից են օգտվում, եւ ավելացված սակագինը բավական բարդացնում էր  իրավիճակը», - նշել է Ազիզ Թամոյանը: Նա ողջունել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման գործողության  կասեցումը: «Տարոն Մարգարյանը հրաժարվել է իր որոշումից, եւ ես վստահ եմ, որ այն այլեւս չի վերանայվելու, իսկ  սակագինը նույնն է մնալու», - ընդգծել է Ազիզ Թամոյանը: