Ոստիկանությունը կապահովի Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի անվտանգությունը: Նշենք, որ Գորիսի նախկին քաղաքապետը լրատվամիջոցներում հանդես էր եկել հայտարարությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից եւ իրավապահ մարմինների ղեկավարներից, մասնավորապես՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից պահանջելով ապահովել իր անվտանգությունը, քանի որ կարծում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ իր մի շարք հայտարարությունների արձագանքները սպառնալիք են պարունակում:
NEWS.am-ը փորձեց պարզել, թե ինչ արձագանք է ստացել նախկին քաղաքապետի պահանջը եւ արդյոք միջոցառումներ ձեռնարկել են նրա անվտանգությունը պահպանելու համար: «Հիշեցնում ենք, որ այդ կարգի դիմումներն անցնում են որոշակի արարողակարգ, ինչից հետո համապատասխան որոշում է կայացվում: Եթե խնդիրն իսկապես վերաբերում է անվտանգության ապահովմանը, Սամվել Հարությունյանը լրատվամիջոցներով հանդես գալու փոխարեն կարող էր դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում: Այնուամենայնիվ, եթե նա ընտրել է դիմելու այս տարբերակը, ոստիկանությունը տեղյակ է հայտարարությանը, եւ անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:





























