Լրացել է ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բերման ենթարկելու երեք ժամը, սակայն այս պահի դրությամբ նրան դեռ ազատ չեն արձակել:
Ոստիկանության կենտրոնի բաժնի դիմաց հավաքված ցուցարարները փորձեցին մոտենալ այն մասնաշենքին, որտեղ գտնվում է Արգիշտի Կիվիրյանը, սակայն շղթա կազմած ոստիկանները թույլ չտվեցին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ակտիվիստները նշեցին, որ պատրաստ են սպասել եւս 8-10 րոպե, որից հետո կանցնեն ոստիկանական շղթան եւ կազատեն իրենց ընկերոջը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները փորձում էին վրան տեղադրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս: Ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը:
Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ Արգիշտի Կիվիրյանին հարվածելով են բերման ենթարկել: «Ուժեղ հարվածեցին վզին, գլխին, մեջքին եւ մոտ մեկ տասնյակի հասնող ոստիկաններով, ոտքերից ու ձեռքերից բռնած մտցրեցին ոստիկանության մեքենան»,-ասաց ականատես կանանցից մեկը՝ հավելելով, որ ակտիվիստը դիմադրություն ցույց չի տվել, միայն ոստիկաններին ասել է վրաներին ձեռք մի տվեք:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:
Ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ քաշքշուկի ժամանակ մի կին է ուշաթափվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























