Թունիսի աշխատավորների գլխավոր միությունը՝ երկրի խոշորագույն արհմիությունը, վերջնագիր է ներկայացրել կառավարությանը՝ մեկ շաբաթից հրաժարական տալու եւ իշխանությունը նոր՝ տեխնոկրատներից կազմված  կառավարությանը փոխանցելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Արհմիության հայտարարությունում ընդգծվում է, որ կառավարության կողմից մերժում ստանալու դեպքում կազմակերպությունը «ստիպված կլինի նրանց վրա ազդելու այլ ուղիներ գտնել»: Թե դա ասելով հատկապես ինչ նկատի ունեն, չի հստակեցվում, հայտնում է lenta.ru-ն:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհամեդ ալ Բրահմիի սպանությունից հետո Թունիսում քաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է: Նրա մահը երկրում զանգվածային բողոքի ցույցերի, ոստիկանության հետ բախումների պատճառ է դարձել: Ցույցերի ընթացքում բողոքողները նաեւ  կառավարության հրաժարականն են պահանջել:

Թունիսի վարչապետ Ալի Լարաեդը հուլիսի 29-ին հայտարարել է, որ ժամկետից շուտ լիազորությունները վայր չի դնի եւ առաջարկել է հերթական ընտրությունները անցկացնել 2013թ. դեկտեմբերին: Ընտրությունները կկայանան Ազգային սահմանադրական ասամբլեայի աշխատանքների ավարտից հետո: Ըստ վարչապետի՝ երկրի նոր Սահմանադրության տեքստն արդեն գրեթե ավարտուն տեսքի է բերված: