Սյունիքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցում վերջնական որոշում չկա: Այս  մասին այսօր` օգոստոսի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, վարչության նիստում քննարկվել է «Ժառանգության» բոլորին հայտնի եւ , ոչ հայտնի կուսակցականների անուններ, այդ թվում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի անուն: Սակայն Մարտիրոսյանն ինքը դեմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում իր թեկնածությունը առաջադրի: «Պարոն Հովհաննիսյանը այլեւս այլ պատասխանատվության տակ է: Նա ստացել է հասարակության մեծամասնության վստահությունը, հետեւաբար կարծում եմ, որ նա, այլ պատասխանտվություն ունի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա կարծում է, որ աշունը թեժ կլինի, եթե հասարակությունը, քաղաքացիական խմբերը եւ քաղաքական գործիչները միավորեն: «Եվ վերջապես, եթե մեր քաղաքացին պատրաստ է պայքարին: Այսինքն, ոչ թե համակարգչի առաջ է հետեւում զարգացումներին, այլ հրապարակներում, փողոցներում անմիջական մասնակցություն է ունենում»,- ասաց  Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ իրականում իշխանությունը ներսից չի ցանկանում փոխվել: Նա միաժամանակ նշեց, որ բացասական է համարում, որ նույնիսկ մեկ վրան թույլ չտվեցին տեղադրել: Ինչպես նաեւ նշեց, որ իշխանության եւ ոստիկանության վախը ոչ թե մեկ վրանն էր, այլ վրանային ճամբար դառնալու հեռանկարը: Եվ հիշեցրեց, որ բոլոր հեղափոխությունները վրանային հավաքներից են սկիզբ առնում: Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց նաեւ, որ նստացույցի մասնակիցները եւ ակտիվիստները պետք է ոչ թե հրաժարականների, այլ իշխանափոխության հարց բարձրացնեն:

Դիտարկմանը, թե ժողովուրդը հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանից, Մարտիրոսյանը պատասխանեց, թե հիասթափության էլեմենտ կա, որ իշխանափոխություն չստացվեց, սակայն, ոչ ոք Րաֆֆի Հովհաննիսյանից չի հիասթափվել եւ հանդիպումների ժամանակ ասում են, որ պատրաստ են շարունակել իրենց պայքարը Րաֆֆի Հավհաննիսյանի հետ:

«Ժառանգության» փոխնախագահը նաեւ անդրադարձավ ավագանու ընտրություններին՝ նշելով, թե ժողովուրդը պատժեց ընդդիմությանը ոչ միասնական լինելու համար:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am