Հայաստանի սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների եւ երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն օգոստոսի 1-ին այցելել են Հայաստանի նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Կարեւորելով Հայրենիք-Սփյուռք կապի դինամիկ զարգացումը՝ Վ. Սարգսյանը նշել է, որ այն գտնվում է Հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության, ԼՂՀ անվտանգության եւ տնտեսական աճի խթանման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժի հայտնաբերման եւ Հայրենիքում ինտեգրման հիմնախնդիրներ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Այցի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց են կատարել նախագահական նստավայրում, ծանոթացան նախագահի կողմից պետական եւ պաշտոնական հանդիպումների եւ ընդունելությունների անցկացման արարողակարգին, երկրի պետական կառավարման բարձրագույն կառույցի՝ նախագահական ինստիտուտի կառուցվածքին, գործունեությանը եւ նշանակությանը:

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ցուցադրվել է ճանաչողական տեսաֆիլմ ՀՀ պետական կառավարման համակարգի, նախագահի նստավայրի, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների եւ գործառույթների, պետական իշխանության համակարգում նրա տեղի ու դերի եւ պետական մյուս մարմինների հետ  փոխհարաբերությունների վերաբերյալ: