Վերջին տարիներին Սեւան բաց թողնված նոր ձկնատեսակը սպառնում է լճի արժեքավոր տեսակներին։ Այս մասին օգոստոսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Ազգային հիդրոէկոլոգիայի եւ իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանը՝ մեկնաբանելով Սեւանում հայ-ֆրանսիական 4-րդ գիտական արշավախմբի արդյունքները։

Մտավախություն է առաջացնում հատկապես ամուրյան չեբաչոկի, հայկական տառեխիկի եւ ծիածանափայլ իշխանի բազմացումը։ «Հնարավոր է՝ չեբաչոկը սնվում է Սեւանի այլ ձկնատեսակների ձկնկիթով։ Իսկ դա սպառնում է լճի թանկարժեք ձկնատեսակներին»,-ընդգծել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ պետք է կանոնակարգել եւ այն, թե ինչ ձկնատեսակներ են բուծում լճից ոչ հեռու գտնվող տնտեսությունները։ «Շատ դեպքերում այդ տնտեսություններում բազմացվում են ձկնատեսակներ, որոնք բնորոշ չեն Սեւանին, եւ վտանգ կա, որ դրանք կարող են լճում հայտնվել ջրի արտահոսքի պատճառով»,-հավելել է նա։

Ըստ որում, Ղուկասյանն ուշադրություն է դարձրել նրան, որ լճում բուծվող խեցգետինը ձկների համար վտանգավոր չէ. «Մեր նկարահանումները ցույց են տվել, թե ինչպես են ձկները մոտենում խոշոր խոցգետիններին, անգամ պոչով դիպչում են նրանց, սակայն վերջիններս չեն արձագանքում»։